Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Անակնկալների պակաս չեղավ

Անակնկալների պակաս չեղավ
18.09.2015 | 01:34

Երեքշաբթի մեկնարկեց ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի «Մրցաշրջան 2015-2016»-ը: Անակնկալների պակաս չեղավ, ու առաջամարտիկների մեջ (վատ առումով) անգլիական թիմերն էին: Առաջին հայացքից սա տարօրինակ կարող է թվալ, եթե մասնավորապես նկատի ունենանք Մառախլապատ Ալբիոնի առանձնապես ուժեղ ներքին առաջնությունը, սակայն այդ տարօրինակությունն այնքան էլ տարօրինակ չէ, երբ հաշվի ենք առնում, թե այդ ուժեղությունն ինչի կամ ում հաշվին է ապահովվում:

ԱՆԳԼԻԱՑԻՆԵՐԸ
Խմբային առաջին խաղերում սայթաքեցին թե՛ վերջին տրանսֆերային պատուհանում առանձնապես ակտիվ պահվածքով առանձնացած մանչեստրյան թիմերը` «Սիթին» ու «Յունայթեդը», թե՛ «Արսենալը»: Հետաքրքիր է, որ երեքն էլ պարտվեցին նույն 1:2 հաշվով: Առաջինին կոտրեց «Յուվենտուսը», երկրորդին` ՊՍՎ-ն, երրորդին` Զագրեբի «Դինամոն»:
Խոշոր հաշվով առաջինի պարտության մեջ առանձնակի ամոթալի բան չկա, եթե փոքր-ինչ վերապահում անենք ներքին առաջնությունում «ծեր սինյորայի» չափազանց ծանր մեկնարկին ու վերջին տարիներին հաստատված ավանդույթի ուժով եվրոպական արենայում «Սիթիի» վախվորած խաղերին: Իր տրամադրության տակ եղած ֆուտբոլիստների կազմը նկատի ունենալով` «Յունայթեդը» պիտի որ «ծալեր» էյնդհովենցիներին, իսկ «Արսենալի» մասին էլ չխոսենք: Իհարկե, Վենգերի սաների համար կարող է արդարացում լինել ավելի քան մեկ խաղակես մեկ պակաս ֆուտբոլիստով հանդես գալը, սակայն, կներեք, այդ ո՞վ էր նրանց խնդրել գնալու այդ «զոհողությանը»: Փաստորեն, անգլիական ակումբային ֆուտբոլի դեմքը փրկեց Թել Ավիվի «Մաքաբիին» 4:0 հաշվով հաղթած «Չելսին», որն այս տարի այնպես է մեկնարկել, որ ավելի լավ է չմեկնարկեր (չորս խաղից հետո տասնվեցերորդն է ներքին առաջնությունում):

ԻՍՊԱՆԱՑԻՆԵՐԸ
Իսպանացիներն ամենամեծ թվով թիմերով են հանդես գալիս այս առաջնությունում ու վատ էլ չեն մեկնարկել: «Ռեալը» չորս անպատասխան գնդակով հաղթեց «Շախտյորին» (երեք գոլ հեղինակեց Ռոնալդուն), «Աթլետիկոն» «Գալաթասարայի» հետ հանդիպումում փշրեց թուրքական դժոխքի մասին միֆը (2:0), «Սևիլիան» 3:0 հաշվով պարտության մատնեց Մյոնխենգլադբախի «Բորուսիային», «Բարսելոնը» «Ռոմայի» հետ խաղում գոհացավ ոչ-ոքիով` 1:1, ու դա արտագնա հանդիպման համար սկզբունքորեն վատ տարբերակ չէր, թեպետ բարսելոնցիներից միայն հաղթանակ է ակնկալվում ամենուրեք ու ամեն ինչում: Իհարկե, այստեղ կարելի է փոքր-ինչ տխրել այն բանի համար, որ Չեմպիոնների լիգայում իր համար հարյուրերորդ հոբելյանական խաղում գոլով աչքի չընկավ Մեսին, բայց արգենտինացին այն ֆուտբոլիստն է, ում համար հոբելյանականն ու ոչ հոբելյանականն այնքան էլ իրարից չեն տարբերվում. նրա համար, երբ էլ գոլ խփի, հանդիպումը հոբելյանական է: Իսպանականներից միակ սայթաքած թիմը, փաստորեն, «Վալենսիան» էր, որը բավական անսպասելիորեն, սակայն չափազանց լարված ու դիտարժան պայքարում սեփական դաշտում զիջեց «Զենիթին» (2:3):

ԳԵՐՄԱՆԱՑԻՆԵՐԸ
Բունդեսլիգայի երրորդ մրցանակակրի` Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հանդիպման մասին արդեն նշել ենք: Ինչ վերաբերում է «Բավարիային», «Վոլֆսբուրգին», «Բայերին», երեքն էլ հաղթական հանդիպումներ ունեցան: Առաջինը թեթև վոյաժ ունեցավ Հունաստանում` երեք անպատասխան գնդակ ուղարկելով «Օլիմպիակոսի» դարպասը, երկրորդը նվազագույն հաշվով առավելության հասավ ԲԿՄԱ-ի նկատմամբ, երրորդը պարզապես տանջամահ արեց բելառուսական ԲԱՏԷ-ին` 4:1:

ՄՆԱՑԱԾՆԵՐԸ
Չեմպիոնների լիգայում իտալացիների պես երկուական թիմերով են ներկայացված նաև ռուսները, պորտուգալացիները, ֆրանսիացիները: Առաջին երկուսի պատվիրակների մրցելույթների մասին արդեն նշել ենք, դառնանք մյուսներին: «Բենֆիկան» խնդիրներ չունեցավ «Աստանայի» հետ հանդիպումում (2:0), բացառիկ լարված ստացվեց «Պորտուի» հանդիպումը Կիևի «Դինամոյի» հետ: Խաղի վերջին ՈՒկրաինայի չեմպիոնին հաջողվեց խուսափել պարտությունից` 2:2:
Մեկ հաղթանակ, մեկ ոչ-ոքի արձանագրվեց ֆրանսիական ակումբների անցկացրած հանդիպումներում: «Պարի Սեն Ժերմենը» երեք միավոր վաստակեց «Մալմյոյի» հետ խաղում (2:0), իսկ այն, ինչ արեց «Լիոնը» Բելգիայում, ֆանտաստիկայի ոլորտից էր: Հաղթես 1:0, խաղավարտին մոտ ստանաս տասնմեկմետրանոցով հաշիվը կրկնապատկելու հնարավորություն ու խաղը հազիվ ոչ-ոքի ավարտե՞ս:
Ընդհանուր գծերով ահա այսքանը լիգայի առաջին տուրի հանդիպումների մասին:
Երեկ մեկնարկեց նաև Եվրոպայի լիգայի առաջնությունը: Պայքարի մեջ մտավ քսանչորս թիմ, ու նրանց մեջ` Դորտմունդի «Բորուսիան», որի մրցակիցը Կրասնոդարի «Կրասնոդարն» էր:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 684

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ